Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռումինիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարին և ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղարին
Հունվարի 18-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար տիկին Անկա Բոաջիուն, որը ռումինական կողմից գլխավորում է հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները, այդ առումով կարևորելով առաջիկա մարտի 10-ին նախատեսված միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի գումարումը Բուխարեստում: Նիստի օրակարգում ընդգրկված են առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի, ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր:
Նախատեսվում է նաև միջկառավարական նիստին զուգահեռ Բուխարեստում կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում` երկու կողմերի առևտրատնտեսական հաստատությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուկ Վարդանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: