31 հունվարի 2011 - 17:35 AMT
Ռուբեն Զարգարյան. Հարավային Սուդանի հանրաքվեն հաստատեց նաև ԼՂՀ-ի անկախությունը

2011 թվականի հունվարի 9-ից 15-ը Հարավային Սուդանում անկախության մասին յոթօրյա հանրաքվե անցկացվեց: Հանրաքվեի առաջին պաշտոնական արդյունքներով` 99,57%-ը քվեարկել են անկախության օգտին: Փաստորեն, Հարավային Սուդանում հանրաքվեն հերթական անգամ հիշեցրեց և արձանագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) անկախության անդարձելիությունն ու միջազգային-իրավական լեգիտիմությունը: Լեռնային Ղարաբաղի և Հարավային Սուդանի ժողովրդների համար ընդհանուրն այն է, որ նրանք պարբերաբար բազմամյա ցեղասպանության են ենթարկվել Ադրբեջանի և Սուդանի կողմից, պարտության են մատնել ադրբեջանական և սուդանական ագրեսորներին և անկախության մասին հանրաքվե են անցկացրել` որպես կյանքի և արժանապատիվ զարգացման իրավունքի համար պայքարի օրինաչափ արդյունք:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը, ընդհանուր է նաև այն, որ նախկինում Լեռնային Ղարաբաղին և Հարավային Սուդանին պարտադրված ինքնավարությունների կարգավիճակը չլուծեց այդ ժողովուրդների գոյատևման խնդիրները: «Սակայն այստեղ կա տարբերություն, որը կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղն իրավաբանորեն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Սուդանի կառավարությունը 1997թ. կառավարական զորքերի խոշոր պարտությունից հետո Հարավային Սուդանի հետ անկախության մասին հանրաքվեի անցկացման ծրագիրն արձանագրած հաշտության պայմանագրերի ստորագրման գնաց: Նշանակալի է, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրեց Խարտումում կենտրոնական կառավարության վրա և պահանջեց հանրաքվեի ճանապարհով պահպանել ազգերի ինքնորոշման իրավունքը: Այդ ամենը դինամիզմ է հաղորդում միջազգային իրավունքին, որն իմպերատիվ կերպով թելադրում է դեռևս 1991 թվականին նույնանման հանրաքվե անցկացրած և վաղուց արդեն կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության վերջնական ճանաչման անհրաժեշտությունը: ԼՂՀ գլխավոր տարբերությունը Հարավային Սուդանից կայանում է նրանում, որ ԼՂՀ-ն վաղուց արդեն կայացած պետություն է, իսկ Հարավային Սուդանը դեռևս նոր պետք է պետություն կառուցի: ԼՂՀ վերջնական ճանաչումը միջազգային հանրության կողմից համաշխարհային պատմության ողբերգական գլուխն ավարտելու պատմական հնարավորություն է, ճիշտ ինչպես Հարավային Սուդանի դեպքում: Լուրջ սխալ կլինի չօգտվել այդ հնարավորությունից: