3 փետրվարի 2011 - 13:35 AMT
Հայաստանում ներկայացվել է գործատուների համար նախատեսված «Վարքագծի կանոնակարգը»

Փետրվարի 3-ին Երևանում կայացել է գործատուների համար «Վարքագծի կանոնակարգի» շնորհանդեսը: Ինչպես հայտնել է լրագրողներին Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը, կանոնակարգը հանդիսանում է «Գործատուների վարքագիծ» կանոնակարգի շարքից առաջինը և ներառում է հարկադիր աշխատանքի և թրաֆիքինգի կանխարգելման սկզբունքները:

Կանոնակարգում ներկայացված սկզբունքները համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաներին, ներառում են ՄԱԿ այնպիսի գործիքներ, ինչպիսիք են Սոցիալական քաղաքականությունը և Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների հռչակագիրը:

Հռչակագիրը մշակել է Հայաստանի գործատուների միությունը 2009-2010թթ. ԱՄԿ «Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի համապարփակ ծրագրի» աջակցությամբ:

«Արևմուտքում այսօր ներմուծվում են բարոյական նորմեր գործատուների համար, քանի որ միայն իրավական նորմերով անհնար է կարգավորել ընկերությունների աշխատանքը: Երբ գործատուն ինքն է ընտրում այդ ուղին, ապա դա դառնում է վարքագծի մշտական կանոն»,- ասել է Արսեն Ղազարյանը և հավելել, որ կանոնակարգի սկզբունքները լրացնում են ՀՀ օրենսդրությունը, բայց չեն փոխարինում նրան: