Ամերիկյան սոցիալական Twitter և Facebook սոցիալական ցանցերը, ամենայն հավանականությամբ, ուղղակի կամ անուղղակի ներգրավված են ԱՄՆ քաղաքականության մեջ, կարծում է տեղեկատվական անվտանգության հարցերով հայ փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ հաշվի առնելով այն, որ այդ ընկերություններն ամերիկյան են, իսկ դրանց կենտրոնական սերվերները գտնվում են ԱՄՆ-ում, նրանք ցանկացած պարագայում պարտավոր են ենթարկվել ամերիկյան օրենսդրությանը և գործել ի նպաստ ԱՄՆ շահերի:
Նրա խոսքերով, ԱՄՆ իշխանությունների հետ երկու կայքերի համակարգված քաղաքականության մասին վկայում են Եգիպտոսում տեղի ունեցած դեպքերը, որտեղ Օբամայի վարչակազմի կողմից Հոսնի Մուբարաքի վրա ճնշում գործադրելու հետ մեկտեղ Twitter-ը և Facebook-ը ամեն ինչ արել են ցուցարարներին աջակցելու համար: Նա հիշեցրել է, որ այդ ցանցերն օգնել են ընդդիմադիրներին շրջանցել Եգիպտոսի իշխանությունների կողմից ինտերնետի արգելափակումը:
Քոչարյանը նշել է, որ այսպես կոչված «թվիթերային հեղափոխությունների» տեխնոլոգիաների փորձարկումը սկսվել է 2009թ. Մոլդովայում, շարունակվել է Իրանում իշխանության և ընդդիմության բախումների ժամանակ, իսկ հիմա այդ տեխնոլոգիաները հաջողությամբ տեղափոխվել են Թունիս և Եգիպտոս:
Փորձագետը նաև հավելել է, որ Եգիպտոսի օրինակը, որը նույնիսկ ինտերնետի լիովին բացակայության դեպքում չի կարողացել դիմակայել «թվիթերային հեղափոխությանը», ցույց է տվել, որ դրանց պետք է նախօրոք դիմակայել սոցիալական ցանցերում դիտարկման և իրավիճակի վերահսկման օգնությամբ: