9 փետրվարի 2011 - 13:48 AMT
Գազի գնաճի պատճառով Հայաստանում կրկին ակտիվացել է ծառահատումը

«Մեր երկրում լուրջ վտանգ կա, որ գազի գնաճի հետևանքով կակտիվանան նաև ծառահատումները, այն դեպքում, երբ մենք դեռ պետք է վերականգնենք 1990-ականներին հատված անտառները»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հանրային խորհրդի տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:

Ըստ նրա, իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ շատ ծառեր ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

Այդ առնչությամբ «Բնության հարստությունը սերունդներին» ՀԿ նախագահ Ռուբեն Շախկյանն առաջարկում է Հայաստանում անօրինական կատարվող ծառահատումը բերել օրինական դաշտ: «Ես առաջարկում եմ մի ծրագիր, որը շուրջ 6 հազար աշխատատեղ կապահովի»,-ասել է նա:

Ըստ Շախկյանի, ծրագիրը նախատեսում է անտառօգտագործումը կատարել առավել քաղաքակիրթ մեթոդներով՝ ամբողջությամբ օգտագործել ծառը, հավաքել, չորացնել և իրացնել սննդի համար պիտանելի և բուժիչ բույսեր: