Ռուսաստանում թեստային ռեժիմով իր աշխատանքն է սկսել մահմեդական հեռուստաալիքը, հաղորդում է Մուֆթիների խորհրդի կայքը: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հեռուստաալիքի աշխատանքի մեկնարկի մասին Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը հաղորդել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներքաղաքական հարցերով վարչության ղեկավարի տեղակալ Իվան Դեմիդովի հետ հանդիպման ժամանակ, գրում է gazeta.ru-ն:
Երկրում հեռուստաալիք ստեղծելու անհրաժեշտության մասին, որով քարոզվելու և մեկնաբանվելու են իսլամի հիմունքներ, դեռ 2009-ի օգոստոսին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նրա կարծիքով, նման մեկնությունը պետք է պատրաստվի լավ իմամների, աստվածաբանների կողմից:
Մահմեդական հեռուստաալիքի գործարկումը, որը հեռարձակման միջոցով և բովանդակությամբ նման է «Սպաս» ուղղափառ ալիքին, կարող է արժենալ 1.5 մլն դոլարից 4 մլն դոլար: Ընդ որում, այն ֆինանսավորելու են ՌԴ մահմեդական համայնքները: