14 փետրվարի 2011 - 17:37 AMT
Կհամագործակցեն Հայաստանի ու Գերմանիայի ոստիկանները

Փետրվարի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ԳԴՀ ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար դոկտոր Օլե Շրյոդերը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համատեղ գործողությունների հռչակագիրը»:

Համագործակցությունն ընդգրկելու է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտները, հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչությունը:

Հռչակագիրը նախատեսում է նաև ոստիկանական կադրերի վերապատրաստում, փորձագետների փոխանակում, ինչպես և փորձի փոխանակում` հատկապես ոստիկանների նախնական պատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես և համազորային մարտավարության բնագավառում:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԳԴՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն, ապա` Բեռլինի թիվ 34 ոստիկանական բաժանմունք: Այցելությունների ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացան այդ կառույցների աշխատանքին, ինչպես և քննարկվեցին հետագա համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները: