14 փետրվարի 2011 - 18:17 AMT
Հաագայում կցուցադրվի ֆրանսահայ հակաֆաշիստ Միսաք Մանուշյանի մասին ֆիլմը

Փետրվարի 20-ին Հաագայի (Նիդերլանդներ) Աբովյանի անվան մշակութային կենտրոնում տեղի կունենա ֆրանսահայ հակաֆաշիստ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի մասին պատմող «Հանցագործների բանակը» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է հանուն Ֆրանսիայի ազատագրման պայքարող բազմազգ բանակի մասին, որը կազմված է հայերից, հրեաներից, իտալացիներից, իսլանդացիներից: Ֆիլմի ռեժիսորն է Ռոբեր Գեդիկյանը:

Միսաք Մանուշյանը Հայոց ցեղասպանության ականատեսն է եղել, որի հետևանքով որբացած Մանուշյանը հայտնվել է Սիրիայում: 1925թ. նա արտագաղթել է Ֆրանսիա, ապրել է Մարսելում և Փարիզում: Հայրենակիցների հետ լույս է ընծայել ձախակողմյան և ազգապահպան գաղափարներ քարոզող ամսագիր:

Ֆրանսիական Դիմադրությանը Միսաք Մանուշյանը մասնակցել է կնոջ՝ Մելինեի հետ: 1943թ. օգոստոսից Մանուշյանի խումբը շուրջ 30 հաջող հարձակում է կատարել գերմանացի զավթիչների դեմ: Նա ձերբակալվեց գերմանացիների կողմից, կտտանքների ենթարկվեց և 3 ամիս անց գնադակահարվեց իր խմբի 21 անդամների հետ միասին: Նրա անունով փողոցներ և հրապարակներ են անվանակոչվել Փարիզում, Վալանսում, Մարսելում, Գարդանում, Երևանում և այլուր: