Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խղճի հարց է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց թուրք հրատարակող, իրավապաշտպան Ռագիփ Զարաքօղլուն: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության ճանաչումը չի վնասի Թուրքիայի հեղինակությանը, քանի որ բազմաթիվ երկրներ արդեն ճանաչել են այդ փաստը: Այս համատեքստում թուրք իրավապաշտպանը նշեց, որ ապագայում նման հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ է խոստովանել անցյալում գործած սխալները: «Ես ունեմ երազանք. ես հավատում եմ, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Զարաքօղլուն:
Խոսելով Հայոց ցեղասպանության համար հատուցման մասին` Զարաքօղլուն նշեց, որ եթե մարդու իրավունքները խախտվել են, նա իրավունք ունի հատուցում պահանջել: Ինչպես նշեց թուրք իրավապաշտպանը, եթե անգամ Հայաստանն ու Թուրքիան ինչ-որ եզրակացության հանգեն Հայոց ցեղասպանության հարցում, նրանք, միևնույն է, չեն կարողանա Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին արգելել պահանջել իրենց իրավունքների վերականգնումը: