16 փետրվարի 2011 - 11:53 AMT
«Բանանց» ֆուտբոլային ակումբը կենտրոնական պաշտպանի խնդիր ունի

Անթալիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում հայկական «Բանանց» ֆուտբոլային ակումբի հերթական մարզման ժամանակ վնասվածք է ստացել թիմի նորեկ, կենտրոնական պաշտպան Դրագան Գրագուտինովիչը, ով կտրել է աքիլեսյան ջիլը: Առաջիկայում ֆուտբոլիստը պետք է վիրահատվի, իսկ վերականգնողական պրոցեսը տևելու է չորս ամիս:

Թիմը ստիպված է նորից կենտրոնական պաշտպանի փորձել մրցաշրջանի մեկնարկում խաղային այս օղակը լիարժեք համալրելու համար: Միևնույն ժամանակ «Բանանցը» շարունակում է նաև հարձակվողի որոնումները. չեռնագորցի Սրջան Ռադոնիչին չհաջողվեց հաստատվել փոխչեմպիոնի կազմում: Նրա փոխարեն թիմում ներկայումս փորձաշրջան է անցնում մակեդոնացի հարձակվող Դուշան Սավիչը, որը, յոթ հանդիպում անցկացրել է Մակեդոնիայի ազգային հավաքականի կազմում, իսկ անցյալ տարի հանդես է եկել ռումինական «Բրաշովի» կազմում:

«Բանանցի» հարձակվող Արսեն Բալաբեկյանը փորձաշրջան անցավ Սերբական «Ցրվենա Զվեզդա» թիմի կազմում: Մասնակցելով թիմի մի շարք մարզումներին` Բալաբեկյանը վերադարձել է հարազատ ակումբ և հիմա նորից մարզվում է «Բանանցի» կազմում:

«Բանանցը» փետրվարի 16-ին կանցկացնի ստուգողական հերթական հանդիպումը, այս անգամ Բելառուսի բարձրագույն խումբը ներկայացնող «Նաֆթան» թիմի հետ: Իսկ փետրվարի 19-ին «Բանանցի» երկրորդ կազմը ստուգողական հանդիպում է անցկացնելու Գրոզնիի «Թերեքի» երկրորդ կազմի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: