RENAULT էլեկտրոմոբիլները, հնարավոր է, Հայաստանում հայտնվեն 2011թ. վերջին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայաստանում RENAULT-«ՄԵԳԱՆ» ներկայացուցչությունից: Միևնույն ժամանակ NISSAN-«ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ ներկայացուցչությունում ասել են, որ նման ավտոմոբիլների ներկրում այս տարի չի ծրագրվում:
Հարկ է նշել, որ էլեկտրոմոբիլների ներկրումը կարող է բենզինով և գազով աշխատող ավտոմոբիլների գնի զգալի անկման հանգեցնել, առավել ևս, որ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նախօրեին հայտարարեց, որ հանրապետությունն էներգախնայողության ուղին է բռնել:
Միևնույն ժամանակ Վրաստանի կառավարությունը ծրագրում է էլեկտրոմոբիլներ գնել NISSAN և RENAULT ընկերություններից, ինչի առիթով նշված ընկերությունների հետ փոխըմբռնման մասին հուշագրեր կձևակերպվեն:
Հուշագրի նախագիծը պետք է հաստատվի կառավարության կողմից, որից հետո էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիային պետք է համաձայնագիր ստորագրելու իրավունք վերապահվի:
Գործադիր իշխանությունը պետք է վերանայեր այս հարցը կառավարության երեկվա նիստում, սակայն դիտարկումը հետաձգվեց Վրաստանում էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիայի բացակայության պատճառով, հաղորդում է Business Գրուզիան: