22 մայիսի 2003 - 23:25 AMT
ՄՈՍԿՎԱՆ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ, ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՄԲ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ
Ռուսաստանը, ինչպես եւ Հայաստանը, շահագրգռված է Հարավային Կովկասում իրադրության, եւ հատկապես Վրաստանի հետ փոխհարաբերությունների առավելագույն կայունացմամբ: Այդ մասին Երեւանում «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, ՌԴ Աջ ուժերի միության համանախագահ Իրինա Խակամադան: Նրա խոսքերով, Ռուսաստանն իր ռազմավարական շահերը դիտարկում է նախ եւ առաջ ԱՊՀ շրջանակներում, իսկ Հայաստանը, այնուամենայնիվ գերադասում է լուծել իրական խնդիրներ, այլ ոչ թե ֆանտաստիկ, ասենք` անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: Հայաստանը գիտակցում է, որ Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը հետագայում մեծ շահաբաժիններ կբերի, նշել է Խակամադան: Անդրադառնալով աբխազական երկաթգծով հաղորդակցության վերսկսմանը, փոխխոսնակն ընդգծել է, որ այդ հարցն այսօր լուծվում է ամենաբարձր մակարդակով: Նրա խոսքերով, դա չափազանց նրբանկատ հարց է, որը վաղուց դարձել է քաղաքական, եւ դրա լուծումից է կախված ողջ Հարավային Կովկասում իրադրության կայունացման հնարավորությունը: