23 փետրվարի 2011 - 19:37 AMT
ՀԿԵՈւ 2011 թվականի ներդրումային ծրագիրը գրեթե 14 մլրդ դրամ կկազմի

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2011 թվականի ներդրումային ծրագիրը կկազմի 13,916 մլրդ դրամ, որի շուրջ 94%-ն ուղղվելու է ենթակառուցվածքների, այդ թվում` երկաթուղային գծերի վերանորոգմանը և արդիականացմանը, շենքերի, շինությունների և գծանցների, վագոնների, երկաթուղային 8 կամուրջների վերանորոգմանը, կապի կառավարման համակարգի, որոշ կայարանների արդիականացմանը և այլն: Այդ մասին փետրվարի 23-ին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարին կից կոլեգիայի նիստի քննարկմանն ժամանակ հաղորդեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը: Նա ավելացրեց, որ մանրամասն ներկայացնելով հարցը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի զգալիորեն աճել է ենթակառուցվածքների համար հատկացվող ներդրումների ծավալը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն առաջարկեց ՀԿԵ-ի այս տարվա ներդրումային ծախսային ծրագրում ընդգրկել երկաթուղային թունելների անվտանգության ապահովման հարցը` համապատասխան տեսախցիկների տեղադրմամբ:

Նախարարը հաղորդեց նաև, որ ՀԿԵՈւ ծրագրերն այսուհետ երկուստեք մանրամասն կքննարկվեն, ինչը հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել ներդրումային ծրագրի նկատմամբ` միաժամանակ ապահովելով դրա թափանցիկությունը: