Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էյնուլլա Մադաթլիի հայտարարությունն Ադրբեջանի` ժխտման և շանտաժի հայեցակարգի վրա հիմնված քաղաքականության շարունակությունն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով դեսպանի հայտարարությունը զիջումներից Հայաստանի հրաժարվելու դեպքում Պրահայի գործընթացի ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից Ադրբեջանի դուրս գալու հնարավորության մասին:
«Դա պարզապես շանտաժ է` ցույց տալու ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ պետք է բավարարել Ադրբեջանի պահանջները»,- ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է դեսպանի խոսքերին, որ Բաքուն «զանազան տարբերակներ» է դիտարկում և ձգտելու է, որպեսզի «ցանկացած ճանապարհով» վերականգնի երկրի տարածքային ամբողջականությունը, ապա Սաֆարյանը քմծիծաղով նկատել է. «Հույս ունեմ դեսպանին առաջնային գծում տեսնել»: