25 փետրվարի 2011 - 15:49 AMT
Ադրբեջանն իր «հիշողությունները» հրապարակում է հայկական ազգանունների ներքո

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «Մոսկվայում Հեյդար Ալիևի հիմնադրամի ռուսական ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի կունենա հայ գրող և պատմաբան Ռոբերտ Առաքելովի «Հայ մտավորականի խոստովանությունը» գիրքը, որտեղ «նկարագրված են հայերի չարագործությունները»:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը, Ռոբերտ Առաքելովը, ցավոք, իրոք գոյություն ունի և նրա անունից իրոք զրպարտություններ են տպվում հայ ժողովրդի հասցեին: «Այդ, այսպես կոչված գրողը Բաքվից է և դեռ ղարաբաղյան շարժման սկզբում նրան ստիպում էին հակահայկական հոդվածներ ու բրոշյուրներ գրել ու հրապարակել: 1990թ. Առաքելովը եկել էր Ստեփանակերտ, կարծես թե ներողություն խնդրելու համար, սակայն նրա հայրը հրապարակավ հրաժարվեց որդուց: Հետո Առաքելովը մեկնեց ԱՄՆ, սակայն, հավանաբար, նա ամուր է կապված ադրբեջանցիների հետ և նրան ստիպում են նման տիպի գրքերի տակ դնել իր ստորագրությունը»,-ասել է խորհրդականը:

Նա ընդգծեց նաև, որ Բաքուն հայերի մասին իր գրքերը շատ էժան գներով է վաճառում: «Նրանք հանձնում են այդ գրքերը խանութներ, որտեղ դրանք ներկայացվում են հայ հեղինակների լուրջ աշխատությունների կողքին: Էժանության պատճառով դրանք կարող են նաև գնվել: Ցավոք, ռուս ընթերցողը մինչ օրս հստակ պատկերացում չունի, ճիշտ է, առաջխաղացում կա, սակայն, աննշան, ադրբեջանական քարոզչությունն ավելի լավ է աշխատում »,-ասել է նա: