25 փետրվարի 2011 - 20:16 AMT
Հայաստանի կառավարությունը քննարկել է ձեռնարկատիրությանն աջակցելու հարցերը

Փետրվարի 25-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, անդրադառնալով օրակարգի առաջին հարցին, կառավարության ղեկավարը կարևորել է գործարար միջավայրի բարելավմանը նպատակաուղղված բարեփոխումների իրականացումը: Վարչապետ Սարգսյանը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկի ` Doing Business-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելու մասին: Հարցի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը զեկուցել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2010թ. գործարար միջավայրի` Doing Business-ի ցուցանիշների արմատական բարելավմանն ուղղված բարեփոխումների ընթացքի մասին:

Նիստում քննարկվել են նաև գործարար համայնքի ներկայացուցիչների դիտարկումները Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ու տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ: «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանը հանդես է եկել գյուղատնտեսության ոլորտի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններով: