26 փետրվարի 2011 - 15:57 AMT
Տիգրան Սարգսյան. Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի շաքարավազի գինը կայունացնելու համար

Հայաստանի կառավարությունն օգտագործում է իրեն օրենքով հատկացված բոլոր լծակները, որպեսզի կանխի շաքարավազի գնի կտրուկ բարձրացումը: Այդ մասին Ծաղկաձորում «Կամուրջ 2011» միջազգային տնտեսական ֆորումի բացումից հետո լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս կապակցությամբ նա նշել է, որ ներկայիս օրենսդրության շրջանակներում կառավարությունն ունի լծակներ, որոնք կարող է օգտագործել, մասնավորապես այնպիսի կառույցների միջոցով, ինչպիսիք են ՏՄՊՊՀ և Պետեկամուտների կոմիտեն, կարելի է սպառողական շուկայում կայուն իրադրություն ապահովել, անգամ նախքան նոր օրենսդրական փաթեթի ընդունումը:

Հայաստանում գնաճը կանխելու համար դեպի Վրաստան շաքարավազի արտահանման հնարավոր արգելման մասին հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է, որովհետև խնդիրը դրանում չէ, և որ եթե արտահանումն արգելվի, ապա գները կկայունանան»:

Այսօրվա դրությամբ Հայաստանում 1կգ շաքարավազի գինն աճել է 305 դրամից մինչև 350 դրամ ($1): Վրացական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, 1կգ շաքարավազի գինը հարևան երկրում 1,5 անգամ էժան է: