ՀՀ կառավարությունը մարտի 3-ի նիստում որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտների կառուցապատման ընթացակարգերը կանոնակարգելու և մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի ցուցանիշը ՀԲ Doing Business-ի զեկույցում բարելավելու մասին: Այդ մասին կառավարության մամլո կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: «Նախագծում ընդգրկված են բոլոր այն խնդիրները, որոնց հետ բախվել են կառուցողները»,- ասել է նա:
Ելույթ ունենալով կառավարության նիստում`վարչապետը նշել է, որ այս փաստաթղթով պետությունը զգալիորեն դյուրացնում է շինարարության փաստաթղթերի տրամադրումը, ինչի անհրաժեշտությունն ամրագրված է նաև ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում։ Եթե այսօր մեր քաղաքացիները 137 օր և շուրջ մեկ միլիոն դրամ են ծախսում նման թույլտվություն ստանալու համար, ապա նոր կարգով նույն նպատակին կտրամադրեն 27 օր և անհամեմատ փոքր գումար։ Կրճատվում են նաև կոռուպցիոն ռիսկերը։
Գործարար միջավայրի բարելավման նպատակ ունեցող մեկ այլ որոշմամբ կառավարությունը վերանայել է իր նախկին մի շարք որոշումներով շինարարության մեջ սահմանած նորմերը, էապես նվազեցրել կառուցապատման ընթացակարգերի թիվը, տևողությունն ու արժեքը, ինչի շնորհիվ կապահովվի կառուցվող օբյեկտի անվտանգությունը` մարդկանց և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից։