3 մարտի 2011 - 15:08 AMT
Պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների կառավարելիության ուժեղացումը 150 մլն դրամ կբերի բյուջե

Հայաստանի կառավարությունը մարտի 3-ին հաստատել է կանոնադրական կապիտալում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման և պետության բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և վճարման կարգը:

Այդ որոշմամբ կդադարեցվի ՀՀ պետբյուջե շահութաբաժինների գծով մուտքերի նվազեցման միտումը և ակնկալվող արդյունքը տարեկան կլինի մոտ 150 մլն դրամ։

Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ պետությունը հետևողականորեն ուժեղացնում է պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների կառավարելիությունը։ Այս որոշմամբ հստակեցվում է բաժնետոմսերի կառավարումը և շահույթի ստացումը։

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ խնդիրը հաճախ է արծարծվում նաև ՀՀ Ազգային Ժողովում, որի պատգամավորները հետաքրքրվում են, թե պետությունն ինչ գործիքներով է կառավարում պետական սեփականությունը։ Վերահսկողության ուժեղացումից զատ կառավարությունը նաև խնդիր ունի պարզելու` արդյոք անհրաժեշտ է բաժնեմասեր ունենալ որոշ կազմակերպություններում, թե ավելի նպատակահարմար է օտարել դրանք: