15 մարտի 2011 - 15:11 AMT
Լևոն Զուրաբյան. Հայաստանի ապագայի մասին որոշումը մարտի 17-ի ընդդիմության հանրահավաքում կկայացնի ժողովուրդը

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ի անունից կոչ է արել իր կողմնակիցներին կարգապահ ու կազմակերպված լինել մարտի 17-ի հանրահավաքում: Զուրաբյանը կոչ է արել ոստիկանությանը ձեռնպահ մնալ ագրեսիվ պահվածքից, քաղաքացիական հագուստով ոստիկանների ներկայությունից հանրահավաքին, ինչպես նաև փողոցները փակելուց:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կոնկրետ գործողություններին մարտի 17-ի հանրահավաքում, ապա Զուրաբյանը հրաժարվել է բացահայտել «ՀԱԿ-ի ներքին խոհանոցը»: Նա միայն ասել է, որ ժողովրդից ամենատարբեր առաջարակներ են ստացվում ընդդիմության հետագա գործողությունների մասին:

Մարտի 1-ի հանրահավաքում ընդունված հայտարարության համաձայն, ՀԱԿ-ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում մինչև մարտի 15-ը Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման միջազգային հանձնաժողով ստեղծել կամ վերսկսել փաստահավաք խմբի գործունեությունը: Ընդդիմությունն իշխանություններից պահանջում է նաև մարտի դեպքերի զոհերի և տուժածների ընտանիքներին հատուցում տրամադրել, հանել Ազատության հրապարակում ցույց անցկացնելու վրա դրված արգելքը, դադարեցնել ՀԱԿ կողմնակիցների և ակտիվիստների հանդեպ բռնությունը, վերսկսել A1+ հեռուստաալիքի գործունեությունը, լուծել մի շարք սոցիալական խնդիրներ, որոնք վերջին ժամանակներս սրվել են:

Հայտարարության մեջ ընդդիմությունը նաև Հայաստանին կոչ է անում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները նորմալ հունի մեջ բերել, վերականգնել բանակցությունների իրական ձևաչափը` ապահովելով ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին:

ՀԱԿ-ը նաև միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել աջակցությունը Հայաստանի «կառավարող վարչակարգին»:

Ցույցի ժամանակ ընդունված հայտարարությունը ՀԱԿ-ին լիազորում է իշխանությունների հետ բանակցություններ վարել մոտակա ամիսների ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: