3 ապրիլի 2001 - 00:02 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԵՆ ԱՌՆՎՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
04.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միշտ խոսել են խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների եւ բնակչության ընդգրկման կարեւորության մասին:
Ինչպես հայտնի դարձավ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին դիվանագիտական աղբյուրներից, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը ` Վաշինգթոնում կայացած հատուկ ճեպազրույցում:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները կմասնակցեն բանակցություններին «հարմար պահին»:
«Տարածաշրջան կատարվող այցերի ընթացքում Մինսկի խմբի համանախագահները այցելում են Ստեփանակերտ եւ հանդիպում են տեղական խիշանությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, մենք գիտենք, որ Հայաստանի նախագահը մշտապես կապ է պահպանում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ : Այնպես որ, նրանք տեղեկացված են բանակցությունների ընթացքի եւ բովանդակության մասին, եւ նրանց մոտեցումները հաշվի են առնվում եւ օգտագործվում են խաղաղ գործընթացում»,- ասել է ամերիկյան դիվանագետը: