Մաքսային միության վերաբերյալ հարցը Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը քննարկում են նաև ԱՊՀ այլ երկրների հետ, այդ թվում` Հայաստանի։ Այդ մասին մարտի 17-ին Բելգիայում Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Հայաստանը Համաշխարհային առևտրական կազմակերպության անդամն է սկսած 2003 թվականից: Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը` վարչապետը նշել է, որ ՀՀ օրենսդրության մեջ ներդրվել են այն չափանիշները, որոնք բխում են այդ համաձայնագրից։ Ռուսաստանը նույնպես ցանկություն ունի ԱՀԿ անդամ դառնալ և այդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ ջանքեր է գործադրել։ «Միջազգային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որ որևիցե երկիր, չունենալով աշխարհագրական սահման մաքսային այս կամ այն միության հետ, դառնա այդ մաքսային միության անդամ։ Տեխնիկապես և տեսականորեն այդ խնդիրն անհնարին է լուծել»,- ընդգծել է նա:
Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մաքսային միության անդամների հետ անմիջական սահմանի բացակայության պատճառով Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան մաքսային միության անդամ Հայաստանը չի կարող լինել։ Եթե, իհարկե, Վրաստանը չանդամակցի։