Այսօր ժամը 19։00-ին «Բյուրոկրատ» գրախանութում անցկացվելու է «PowerPoint + Karaoke» ոչ ավանդական միջոցառման առաջին demo տարբերակը, որը միավորում է զվարճանքը, ուսումը, մրցակցությունը և մարդկանց։
Միջոցառման նախաձեռնողներն են «Նախագծերի կառավարման հայկական ասոցացիա»-յի (APMA) նախագահ Ալբերտ Պողոսյանը, համակազմակերպիչ Հայկ Ասրիյանցը և «Բյուրոկրատ» գրախանութը: Ասոցիացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանն ասաց, որ քանի որ միջոցառումն առաջին անգամ է տեղի ունենալու, այն կանցկացվի ընկերական շրջապատում, որոնց մեծ մասը ՏՏ ոլորտի մասնագետներ են. «Ես ընտրում եմ որևէ PowerPoint պրեզենտացիա և մասնակիցը ներկայացնում է դրանցից որևէ մեկը՝ առանց իմանալու, թե ինչ է ներկայացնելու։ Նա պետք է կարողանա տակից դուրս գալ, կողմնորոշվել, համոզել, անգամ ուսուցանել և շփում հաստատել լսարանի հետ»։
Ինչպես նշեց Հայկ Ասրիյանցը, պրեզենտացիաների թեմաները տարբեր են լինելու՝ սկսած բժշկությունից մինչև համակարգչային սերվերներ՝ մասնագիտական անհասկանալի տերմինաբանությամբ. «Այս միջոցառումը նախատեսված է գրասենյակային աշխատողների համար, ովքեր հոգնել են կորպորատիվ միջոցառումներից և մի քիչ հանգստանալու և զվարճանալու կարիք ունեն»։
Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 6-7 րոպե։ «PowerPoint + Karaoke»-ն բաց է յուրաքանչյուր ցանկացողի համար։ Ալբերտ Պողոսյանը նշեց, որ միջոցառումը կանցկացվի պարբերաբար՝ 2 շաբաթը մեկ։
Միջոցառման վերջում քվեարկությամբ որոշելու են լավագույնին և նվիրելու են զվարճալի մրցանակ։
«PowerPoint + Karaoke» միջոցառումն առաջին անգամ անցկավել է Բեռլինում 2006 թվականին։ Այն նպատակ ունի ավանդական Power Point ներկայացումները դարձնել զվարճանքի միջոց։