Ներկայումս տեղի են ունենում սոցիալ-տնտեսական եւ քաղաքական էական տեղաշարժեր, որոնք շատ դեպքերում ունենում են մեր երկիրը զարգացման ուղուց հնարավորինս հետ գցելու միտում: Այս մասին հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մարտի 22-ին Ազատության հրապարակից: Նա ասել է, որ Ազգային ժողովում երեկ սկսվել են Ընտրական օրենսգրքին նվիրված քննարկումները: Նրա խոսքերով, արդեն նախնական փուլում խախտվել են բոլոր այն պահանջները, որոնք ներկայացվում են նման կարեւորագույն օրենսգրքի հանդեպ: Դա հասարակական կարծիքի ներառումն է եւ այդ գործընթացին ընդդիմությանը մասնակից դարձնելը, որը ոչ միայն Եվրախորհրդի տարբեր բանաձեւերի պահանջ է, այլ նաեւ նոր Ընտրական օրենսգրքի լիգիտիմությունը ապահովելու միակ մեխանիզմ: «Ցավոք սրտի, իշխանությունները նորից որդեգրել են կեղծիքների միջոցով վերարտադրվելու իրենց նախկին սովորույթը: «Ժառանգությունն» արդեն որերրորդ անգամ առաջարկում եւ պահանջում է ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակում, ինչը հնարավորություն կտա բացահայտել, թե քանի հարյուր հազար գոյություն չունեցող ընտրողներ են ընտրել իշխանություններին: Ցուցակների այսպիսի հրապարակայնացում թույլատրվում է ժողովրդավարության շատ բարձր մակարդակ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: «Ժառանգության» կողմից մշակված Ընտրական օրենսգրքի նախագծի մեջ մեկ այլ մշակված դրույթ վերաբերում է 100-տոկոսանոց համամասնական ցուցակով ընտրությունների անցկացմանը: Դրանով նախ կուսակցությունների կշիռն է ավելանալու, ինչն իր հերթին բերելու է քաղաքական համակարգի զարգացում եւ հնարավորություն է տալու մեծ առաջխաղացում ապահովել կառավարման համակարգում: Մյուս կողմից կեղծիքներ անելու շահագրգռվածությունը էականապես կնվազի: Սակայն սրան եւս իշխանությունները դեմ են: Շատ ենք կարեւորում նաեւ «Ժառանգության» կողմից առաջարկվող ԿԸՀ կազմում գործող վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի իրական լծակներով օժտումը, ինչը հնարավորություն կտա բացահայտել ֆինանսական խախտումները եւ չարաշահումները:
Հասարակությունը պետք է իրական ընդիմության հետ միասին պայքարի իշխանությունների հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների համար: Սա «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հավատամքն է»,-ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը իր հայտարարության մեջ