Մարտի 23-ին աշխատանքային այցով Խաբարովսկի երկրամասում գտնվող ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը դասախոսությամբ հանդես է եկել Խաբարովսկի երկրամասի տնտեսագիտության եւ իրավունքի պետական ակադեմիայում: Դասախոսության ընթացքում դեսպանը ներկայացրել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ներկայիս ասպեկտները, մասնավորապես՝ շեշտելով այդ հարաբերությունների տնտեսական բաղադրիչի զարգացումը հետճգնաժամային ժամանակահատվածի հեռանկարում: Օ.Եսայանը ներկաներին պատմել է Հայաստանում ռուսական կապիտալի մասին: Դեսպան Օ.Եսայանն առանձնակի ուշադրություն է դարձրել հնարավոր տնտեսական համագործակցության հեռանկարներին Հեռավոր արեւելյան երկրամասի հետ եւ ընդգծել է Հայաստանի եւ նշյալ երկրամասի միջեւ տարաբնույթ ինտեգրացիոն ծրագրերի մշակման կարեւորությունը:
Բացի վերընշված հարցերից դեսպանն անդրադարձել է ՀՀ դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում: Դեսպանը ներկայացրել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդական առաքելության գործունեությունը:
Նույն օրը երեկոյան դեսպանը կուղեւորվի Վլադիվոստոկ, որտեղ նախատեսվում են դեսպանի հանդիպումները Մերձծովյան երկրամասի գուբերնատոր Ս.Դարկինի, ինչպես նաեւ երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վլադիվոստոկ այցը կնշանավորվի արցախյան ազատամարտի հերոս, ռուս կամավոր Դմիտրի Մոտրիչի մոր հետ հանդիպումով, որի ընթացքում ՀՀ նախագահի անունից զոհված հերոսի մորը կհանձնվի «Արիության» մեդալը:
Դմիտրի Մոտրիչի հերոսական անցյալի մասին արցախյան ազգային ազատամարտում մանրամասնորեն պատմում է Ա.Թովմասյանի «Կամավորը» վավերագրական ֆիլմը, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը: