Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ և ռազմատենչ վարքը հանգեցրեց նրան, որ ռազմական տենդը վարակել է քաղաքացիական պաշտոնատարներին, այդ թվում` գլխավոր քաղաքացիական ավիացիային: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական վարչակազմի տնօրեն Արիֆ Մամեդովի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը «ոչնչացնելու է այս տարվա մայիսին բացվող Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները»: Նրա խոսքով, Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցներն ի վիճակի են պաշտպանել պետության օդային տարածքը, իսկ հակառակորդի ցանկացած արկածախնդրություն նրա համար մեծ կորուստներով կավարտվի: