Շուրջ մեկ ամիս է, ինչ Աթենքի կենտրոնում բեմադրվում է մի համարձակ թատերական ներկայացում, որի գլխավոր դերում հանդես է գալիս հայ երիտասարդ դերասան Օնիկ Կեցոյանը: «Սիներգիո» թատերասրահում ապաստանյալների և գաղթականների մերօրյա կյանքը բեմադրել է հույն ռեժիսոր Խրիստոս Ստրեպկոսը:
«Խայտաբղետ թութակ» պիեսը ներկայացնում է երեք գաղթականների առօրյան, ովքեր ցածր աշխատավարձի, ռասիզմի ու խտրականության, հանցագործության և գետոյական կյանքի ամենօրյա գոյապայքարի մեջ են:
Երեք գաղթականներին միացնողը մի խանութում վաճառվող «Խայտաբղետ թութակ»-ն է, որի տերն էլ, պատահաբար, տեղացի մի հայ կին է` Մելինան:
Թատերական ներկայացումը շարունակվելու է մինչև Զատիկի տոները: