28 մարտի 2011 - 18:24 AMT
Դերասանուհի Յանա Գաբրիելյանին հրավիրել են մասնակցելու Մոսկվայի Միջազգային թատերական ամառային դպրոցին

Դերասանուհի Յանա Գաբրիելյանը (Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոն) հրավիրվել է մասնակցելու ՌԴ ԹԳՄ Միջազգային թատերական ամառային դպրոցին, որը կկայանա 2011 թվականի մայիսի 30-ից հունիսի 26-ը:

Ընդհանուր առմամբ ապագա Դպրոցի աշխատանքներին կմասնակցեն 85 երիտասարդ դերասաններ աշխարհի 26 երկրներից: Մեկ ամսվա ընթացքում նրանք կզբաղվեն բոլոր հիմնական մասնագիտական առարկաներով` Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի առաջատար թատերական բուհերի ամենահայտնի ռուս մանկավարժների ղեկավարությամբ:

2011 թվականին նախագիծը նշում է հաջող գործունեության հնգամյա հոբելյանը, այդ ընթացքում Դպրոցը երկրորդ մայր բուհն է դարձել աշխարհի 38 երկրների 400 դերասանների համար: ՌԴ նախագահի հովանու ներքո ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսական թատրոնների Պետական և հասարակական աջակցության ծրագրի շրջանակներում ծնված գաղափարն ի սկզբանե ուղղված է եղել հարևան երկրների թատրոններից երիտասարդ դերասանների հետ աշխատանքին, բայց փաստորեն Դպրոցի գոյության երկրորդ տարում արդեն նրա գործունեությունն անցավ պայմանական սահմաններից: Նախագծի աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է` ձգվելով զուգահեռներով ԱՄՆ-ից մինչև Մոնղոլիա, իսկ միջօրեականներով` Լիբանանից մինչև Ֆինլանդիա: ՌԴ ԹԳՄ Միջազգային թատերական ամառային դպրոցին մասնակցելու իրավունք ունեն մասնագիտական կրթություն ունեցող մինչև 35 տարեկան դերասանները, որոնք տիրապետում են ռուսերենին: