2010 թվականին տեխզննում է անցել Հայաստանում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների 70-75 տոկոսը, ինչը կազմում է 360-370 հազար , մարտի 29-ին Երևանում հաղորդել է Վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ նրա, տեխզննման կազմակերպումը Հայաստանում, խորհրդային ժամանակներից ի վեր, ֆիկտիվ բնույթ է կրում, քանի որ չի իրականացվում պատշաճ մակարդակով, իսկ ավտոմեքենաների սեփականտերերը կարող են վճարել պահանջվող գումարն ու չանցնել տեխզննում: Այդ առնչությամբ նա պարզաբանել է, որ երկրի ավտոպարկը 70 տոկոսով բաղկացած է հին մեքենաներից, ինչը վարորդների մոտ ցանկություն է առաջացնում դիմել կոռուպցիոն բնույթի քայլերի և վճարել 12 հազար դրամ 5 հազարի փոխարեն՝ ուղևորատար, և 30 հազար 13 հազարի փոխարեն՝ բեռնատարների համար:
Միևնույն ժամանակ Էդուարդ Հովհաննիսյանի տարակուսանքն է հարուցում այն փաստը, որ շուկայում գործող տեխզննման ընկերությունները քայլեր չեն ձեռնարկում սպասարկման որակը բարելավելու և հաճախորդներին գրավելու համար: