Ադրբեջանն անընդհատ իրեն մեկուսացնում է նմանատիպ քայլերով: Մի հսկայական աղմուկ է բարձրացվում, որից հետո խոչընդոտվում է, որպեսզի ընդամենը քննություն անցկացվի՝ հենց այդ ադրբեջանցի երեխայի մահվան դեպքը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա, Ադրբեջանի հայտարարությունները չեն դիմանում ոչ մի քննադատության: «Չէ որ անհնարին էր հայկական դիրքերից դիպուկահարի համար կրակելը: Դա այնքան մեծ հեռավորության վրա է, եւ այնպիսի վիճակում են գտնվում դիրքերը, որ դա ուղղակի անհնարին է: Պատահական չէ, որ ադրբեջանական կողմը ամեն ինչ արեց, որպեսզի այդ հանգամանքը, այդ միջադեպը եւ մի շարք այլ միջադեպեր այդպես էլ չքննվեն, որովհետեւ ճշմարտությունն ի հայտ կգա: Գիտեք ինչ, սա շատ նման է այն Խոջալուի դեպքերին: Երբ իրենք կազմակերպելով սպանդը իրենց բնակչության նկատմամբ այն հատվածում, որը շատ հեռու էր ղարաբաղյան բանակի վերահսկողությունից, առ այսօր փորձում են անընդհատ թմբկահարել այդ Խոջալուի դեպքերի մասին: Սրան շատ նման է նաեւ այս երեխայի դեպքը»,-ասել է Շավարշ Քոչարյանը:
«Բայց մյուս կողմից, ամեն անգամ նմանատիպ աղմուկ անելուց հետո խուսափելով հենց հետաքննությունից Ադրբեջանն ինքն իրեն մեկուսացնում է, հակադրվում է միջազգային հանրությանը: Պատահական չէ, որ նա նեղացած է բոլորից, նեղացած է միջնորդներից, Մինսկի խմբից, հարեւաններից... Եվ դա այնքան կշարունակվի, քանի դեռ նա ապրում է վիրտուալ աշխարհում, կտրված իրականությունից եւ փորձում է ամեն ինչ աղավաղելով, թելադրելով իր պատկերացումը միջազգային իրավունքի մասին, իր պատկերացումը պատմության մասին, նույնիսկ աշխարհագրության մասին փորձել առաջ գնալ: Դա որեւէ հեռանկար չունի»,-ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: