Ապրիլի 1-ին Երևանում կայացել է «Հայեր» ամսագրի շնորհանդեսը: Ամսագրում կարելի է գտնել տարբեր թեմաներ, բայց առաջին համարի գլխավոր թեման քաղաքականությունն էր: «Մենք շեշտը դրել ենք երկու բանի վրա: Առաջին, ամսագիրը հրատարակվում է հայերենով հայալեզու ընթերցողի համար, երկրորդ, մենք ամսագիր ենք հրատարակում ընթերցելու համար, այլ ոչ թե գլամուրային ամսագիր` թերթելու համար»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Արմեն Սարգսյանը: Նա նաև հավելել է, որ ամսագիրը նախատեսված է հասուն տարիքի ընթերցողի համար և խորհուրդ տվել այն ընթերցել 20 տարեկանից բարձր անձանց:
Ամսագրում կարելի է նաև գտնել Երևանի մշակութային իրադարձությունների ծանուցումներ: Ամսագրի շնորհանդեսին ներկա էին Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ: Ամսագիրը կազմված է 96 էջից, առաջին համարը լույս է տեսել 2500 օրինակ տպաքանակով: