10 մարտի 2001 - 19:33 AMT
ՉԿԱ ՈՐԵՎԷ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
10.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Այսօր չկա այնպիսի պետություն, որը ի վիճակի է իրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, որպեսզի վերջինս Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչի: Նույնիսկ այն դեպքում, երբ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, ինչպես նաեւ Բուդապեշտի, Լիսաբոնի եւ Ստամբուլի գագաթնաժողովների որոշումները այդ մասին»,- Բաքվում կայացած մամլո-ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
Նրա խոսքերով, միջազգային հանրությունը ոչ մի ջանք չի գործադրում, եւ, ըստ երեւույթին, չի էլ գործադրելու ադրբեջանական հողերի ազատագրման համար: «Դա նշանակում է, որ Ադրբեջանը կամ պետք է պատերազմ սկսի, օգտվելով միջազգային իրավունքներից եւ իր ներուժից, կամ էլ` բանակցությունները պետք է շարունակվեն մինչեւ Հայաստանը համաձայնվի զիջումների գնալ»,- գտնում է Հասանովը: Նրա կարծիքով, եթե այդ խաղաղ գործընթացը արդյունքներ չտա եւ Հայաստանը չհրաժարվի իր ծայրահեղական դիրքից, Ադրբեջանը այլ` ավելի վճռական քայլերի դիմելու իրավունք կվերապահի իրեն: Ինչպես նշել է Հասանովը, ամեն դեպքում նախագահ Ալիեւը չի գնա Ադրբեջանի շահերին հակասող զիջումների:
Անդրադառնալով Ադրբեջանին Թուրքիայի կողմից տրամադրվող ռազմական օգնությանը, Ա. Հասանովը բացառել է Թուրքիայի ակտիվ ռազմական մասնակցությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Մյուս կողմից, նշել է նա, ըստ համաձայնագրի, Թուրքիան իրավունք ունի իր քվոտայից Ադրբեջանին հատկացնել 100 տանկ` պաշտպանությունը իրականացնելու համար: «Սակայն դրան կարող են հաջորդել Ռուսաստանի նմանատիպ գործողությունները, որոնց արդյունքում Հայաստանը կարող է ստանալ երկու անգամ ավել տանկեր»,- հայտարարել է Հասանովը: