8 ապրիլի 2011 - 15:42 AMT
Ադրբեջանցի դիվանագետ. Աշխարհում ոչ ոք չի ցանկանա Ադրբեջանի կողմն անցնել պատերազմ սկսելու դեպքում

Այն ամենի պայմաններում, ինչ այժմ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը որոշ ժամանակով հետաձգվում է: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում 1994-2001թթ. Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, Համառուսական ադրբեջանական կոնգրեսի (ՀԱԿ) գործադիր տնօրեն Էլդար Գուլիևը` նկատելով, որ աշխարհում ոչ ոք չի ցանկանա Ադրբեջանի կողմն անցնել: «Ինչ վերաբերում է մոտակա հեռանկարներին, ապա բոլորովին ակնհայտ է, որ Ռուսաստանում ևս շատ շուտով նախընտրական քարոզարշավ կսկսվի, և Բարաք Օբաման արդեն հայտարարել է, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը հաջորդ տարի: Եվ ոչ ոք այժմ ղարաբաղյան ուղղությամբ որևէ բան չի անելու: Օբամայի վարչակազմի համար ԱՄՆ հայ ընտրազանգվածն առավել ևս շատ կարևոր է: Այնպես որ այս տարի որևէ լուրջ բանի հույս ունենալ չարժե»,- ասել է նա:

Գուլիևն ընդգծել է նաև, որ մեծ տերություններից ոչ մեկը չի սատարի Բաքվին պատերազմ սկսելու դեպքում: «Նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը պատերազմ չսկսի: Թեև ես վստահ եմ, որ մեր հնարավորությունները մեզ թույլ են տալիս պատերազմ սկսել և հաղթել: Համանախագահ երկրները, կրկնեմ, տրամադրված չեն, որպեսզի ևս մեկ թեժ կետ ստանան աշխարհի քարտեզի վրա»,- նշել է նա: