10 մարտի 2001 - 19:39 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԿԱՍԿԱԾՆԵՐ Է ՀԱՐՈՒՑՈՒՄ
10.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ադրբեջանի քաղաքական եւ հասարակական գործիչները տարբեր կերպ են արձագանքել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությանը այն մասին, որ ադրբեջանական բանակը ներկայումս պատրաստ չէ լայնածավալ ռազմական գործողությունների, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը ի վիճակի է պատերազմ սկսել եւ հաղթել: Իսկ Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն համոզված է, որ Սերժ Սարգսյանը հեռու չէ ճշմարտությունից: «Հայերը մեզանից էլ լավ գիտեն, որ մեր բանակը պատրաստ չէ պատերազմի, եւ միայն դա է պատճառը, որ նրանք մեզ հետ ուժի դիրքերից են խոսում»,- հայտարարել է Ալիզադեն:
Պաշտպանության նախկին նախարար Թաջեթին Մեխթիեւը հրաժարվել է մեկնաբանել ադրբեջանական բանակի ռազմական պատրաստվածության ներկա մակարդակը. «Յոթ տարվա ընթացքում կարելի էր ստեղծել այնպիսի բանակ, որը կկարողանար հաղթել հակառակորդին: Թող մեր պաշտպանության նախարարը արժանի պատասխան տա հայերին, եթե, իհարկե, կարողանա: Երեւի պատահական չէ, որ Սարգսյանը նման հայտարարություններ է անում: Ուրեմն հայերը հիմքեր ունեն այդպես կարծելու համար»: