16 մայիսի 2003 - 19:55 AMT
ՆԱՏՕ-Ն ԱՌԱՅԺՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ողջունելով ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու Ադրբեջանի ցանկությունը` Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը ներկայումս չի քննարկում նրա տարածքում իր ռազմական բազաների ստեղծման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Օրեանդա» գործակալությունը, ադրբեջանական խորհրդարանում նման հայտարարությունով հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ին անդամակցելու տեսակետից` տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը ամենալուրջ աշխարհագրական նախադրյալներն ու տնտեսական ներուժն ունի: Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում Ռոբերթսոնը քննարկել է 2006-2007 թվականներին երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները: Այդ մասին դաշինքի ղեկավարը հայտարարել է երեկ երեկոյան Ադրբեջան կատարած այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջին պայմանը` ազատ եւ ժողովրդավարական նախագահական ընտրությունների անցկացումն է Ադրբեջանում, որը կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերին: Միեւնույն ժամանակ, Ջ. Ռոբերթսոնը հայտարարել է տարածաշրջանային անվտանգության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում Ադրբեջանի ներկայիս նախագահ Հեյդար Ալիեւի քաղաքականությանն աջակցելու մասին: ՆԱՏՕ-ի ղեկավարն ընդգծել է, որ այդ հակամարտության չկարգավորվածությունը խիստ թուլացնում է տարածաշրջանը: