Հայ և ադրբեջանցի ժողովրդների համատեղ բնակությունն անհնար է: Հենց այդ դասը պետք է քաղի հայ ժողովուրդը Մարաղայի հայերի ջարդերից: Այդ մասին Երևանում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Պատերազմի պայմաններում ադրբեջանական բանակը փորձել է ոչնչացնել այն ամենն, ինչ հանդիպում էր նրա ճանապարհին, փորձում էր ամբողջությամբ ոչնչացնել հայկական ներկայության հետքերը: Հենց դա տեղի ունեցավ Մարաղա գյուղում 1992թ. ապրիլի 10-ին: Հարձակվելով գյուղի վրա՝ ադրբեջանական բանակաը դաժան սպանություններ կատարեց հայ բնակչության շրջանում, փորձելով ահաբեկել հայերին, որպեսզի նրանք չդիմադրեն»,-ասել է քաղաքագետը: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է նույն ահաբեկչական քաղաքականությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ:
1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը Մարաղա գյուղում հրկիզել է գյուղը և կոտորել բնակչությանը: Մարաղան մինչև հիմա շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության տակ: Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, 63-ը` գերի վերցվել: Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար: Տվյալները հաստատվել են Helsinki Watch միջազգային իրավապահ կազմակերպության կողմից: Մարաղայի ողբերգությունը ղարաբաղյան կողմից գնահատվում է որպես ցեղասպանության ամենասարսափելի օրինակներից մեկը: Իր դաժանությամբ և բարբարոսությամբ այդ ողբերգությունը չի զիջում ոչ Սումգայիթին, ոչ Հատինին, ոչ 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Ցավոք սրտի, Մարաղայի ողբերգական դեպքերը չեն արտացոլվել արտասահմանյան մամուլում և մինչ օրս համաշխարհային հանրության կողմից արժանի գնահատականի չեն արժանացել: