11 ապրիլի 2011 - 17:42 AMT
Կազանում Հայաստանի երկու քաղաքացի է սպանվել, մարդասպաններին որոնում են

Թաթարստանում որոնում են Հայաստանի երկու քաղաքացիների մարդասպաններին: Քննիչները խնդրում են արձագանքել մարտի վերջին «Կազան» օդանավակայանից տանող ճանապարհին տեղի ունեցած հանցագործության ականատեսներին: Երկու տղամարդկանց մարմինները հայտնաբերվել են Լաիշևյան շրջանի Ստոլբիշչե-Ատաբաևո ավտոճանապարհի եզրին` կոյուղու մեջ: Երկուսին էլ գնդակահարել են:

Սպանվածների անձն անմիջապես պարզել են. նրանք Հայաստանի քաղաքացիներ են` Պողոսյան և Ասատրյան: Հետաքննությունը պարզել է, որ տղամարդիկ գործազուրկ էին և Կազան էին ժամանել խոշոր գումարով` մեկուկես միլիոն ռուբլով: Ինչպես հաղորդել են նրանց ազգականները Սոչիից, նրանք Թաթարստանի մայրաքաղաք էին ժամանել, որպեսզի ավտոմեքենա գնեն: Նրանք «Կազան» օդանավակայան էին ժամանել մոտավորապես 23:00-ին և անհետ կորել: Անհանգստացած ազգականների ներկայացրած հայցով քրեական գործ է հարուցվել «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով: Այժմ քննչական գործողություններ և օպերատիվ-քննչական միջոցառումներ են իրականացվում` ուղղված այս հանցագործության իրականացմանը մասնակից անձանց հայտնաբերմանն ու ձերբակալմանը, հաղորդում է Թաթարստանում ՌՀԿ ՀՎ մամլո ծառայությունը, գրում է ԿՊ-Թաթարստանը: