11 ապրիլի 2011 - 17:49 AMT
System of a Down-ն առաջարկել է երկրպագուներին կազմել իր ապագա համերգների ծրագիրը

Ամերիկյան System of a Down ռոք խումբն առաջարկել է երկրպագուներին կազմել իր ապագա ելույթների ծրագիրը: Ցանկացողները կարող են լրացնել հատուկ ձևը խմբի կայքում և ընտրել վեց երգ, որոնք նրանք կցանկանային լսել System of a Down-ի համերգին: Լավագույն հավաքածուների հեղինակները կստանան համերգի երկու տոմս, ինչպես նաև կստանան «սեթլիսթ» System of a Down-ի բոլոր մասնակիցների ինքնագրերով:

Մրցույթը, որը կտևի մինչ ապրիլի 28-ը, վերաբերում է խմբի մայիսի 10-25-ը կայանալիք շրջագայության հյուսիսամերիկյան հատվածին, ինչպես նաև Եվրոպայում հունիսին կայանալիք 11 համերգներին՝ ներառյալ հունիսի 21-ի շոուն Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում:

System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, պաշտոնապես հայտարարեց վերականգնման մասին 2010թ. նոյեմբերին: Խումբը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայության մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չունի, գրում է Լենտա.ռու-ն: