11 ապրիլի 2011 - 19:42 AMT
Արա Խզմալյան, Լևոն Մութաֆյան. Թատերական կրթությունը Հայաստանում վաղուց հնացել է

Հայաստանի թատրոնի և կինոյի պետական համալսարանը լուրջ խնդիրներ ունի կադրերի պատրաստման գործում, կարծում են «Թատրոն-ԻՔՍ» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը և թատերագետ Լևոն Մութաֆյանը: «Այսօր մեր թատրոններում էքսպերիմենտների, համարձակության և նորարարության դիմում են այն բեմադրիչները, ովքեր 50-ից բարձր տարիք ունեն: Մինչդեռ 20-22 տարեկան երիտասարդ բեմադրիչը, որը պետք է ռիսկի ու խենթության գնա, 100-ամյա վաղեմության ստեղծագործություններ է բեմադրում: Մենք տեսնում ենք դերասանական շտամպի օրինակներ», -ասում է Մութաֆյանը: Ըստ նրա, ներկայացված աշխատանքների 90 տոկոսը տառապում է ռեժիսորական անգրագիտությումբ, բեմավիճակի կառուցման, արխիտեկտոնիկ միջավայրի ձևավորման հարցում:

Մութաֆյանի կարծիքով նույնն է նաև թատերագիտության բաժնի ուսանողների մոտ: Ամեն անգամ երիտասարդները կաշկանդվում են, սպասելով, թե մեծերը ինչ կասեն: Սա գալիս է նրանից, որ դասախոսներն ուսանողների մեջ չեն ձևավորում մասնագիտական վստահություն, գիտելիքները ներկայացնելու քաջություն:

Արա Խզմալյանի կարծիքով լուրջ բարեփոխման խնդիր ունի թատերական ինստիտուտը: Մարդիկ կարող են դասավանդել ռուսական թատրոնի պատմություն ռուս ժամանակակից տաղանդավոր դերասանների օրինակով, իսկ մինչ այժմ դասավանդում են 1940-ականներին գրված դասագրքերով 19-րդ դարի վերջի դերասանների մասին: Դերասանների խաղը ամբողջովին կառուցվում է կուլմինացիայի վրա, իսկ ամենալավ դերասանը նույնիսկ չի կարող երկու անգամից ավելի պոռթկալ, որովհետև այդ պոռթկումից հետո գալիս է դատարկություն և լռություն: «Էմոցիաները պետք է ոչ թե ցուցադրել, այլ թաքցնել, որովհետև բեմում ամենափոքր բանը կարող է դառնալ ընդգծված և ցցուն և սա թատերական ինստիտուտի թերացումն է», -ասում է Խզմալյանը:

Երկու մասնագետներն էլ համակարծիք են, որ պետք է փոխել կրթական համակարգը և փոխարինել դասավանդողների մի որոշ մասին: