Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, մեղադրել է Բյուրոյի նախագահին` Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերագործարկման որոշման ժամանակ հայկական պատվիրակության ձայնը անտեսելու համար:
«Բյուրոն այդ հարցում անտեսեց հայկական պատվիրակության նամակը և ուղղակիորեն ներգրավված կողմի դիրքորոշումն ու առարկությունները: Չի կարելի լուրջ դրական արդյունքներ ակնկալել ստիպողաբար առաջադրված գործընթացից», - հայտարարել է Դավիթ Հարությունյանը:
ԵԽԽՎ Բյուրոյի անդամներին ուղղված հունվարի 25-ի նամակում, որը և կորչել էր պաշտոնական միջանցքներում, հայկական պատվիրակությունը կողմ էր հանդես եկել ադրբեջանական պատվիրակության հետ` երրորդ կողմի միջնորդությամբ շարունակական հանդիպումներին` հույս հայտնելով, որ այդ հանդիպումները կստեղծեն փոխվստահության բավարար մթնոլորտ և «կթուլացնեն երկու պատվիրակությունների միջև առկա լարվածությունը»:
Սպասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը կվերսկսի իր աշխատանքը ԵԽԽՎ այս նստաշրջանում: