16 մայիսի 2003 - 19:38 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԿՈՎԿԱՍՈՒՄ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանը մտահոգված է Կովկասում բաժանարար գծերի գոյացման հնարավորությունից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով Սթրասբուրգում ընթացող ԵԽ նախարարական կոմիտեի 112-րդ նստաշրջանին, որը նվիրված էր առանց բաժանարար գծերի Եվրոպայի կառուցմանը: Նրա խոսքերով` վարելով փոխլրացման արտաքին քաղաքականություն` Երեւանին հաջողվել է մեղմել տարածաշրջանում առկա լարվածությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վ. Օսկանյանը շոշափել է նաեւ եվրոպական հաստատությունների միջեւ համագործակցության հարցը` ընդգծելով նրանց դերը հակամարտությունների կանխարգելման եւ Եվրոպայում ժողովրդավարական կայունության ամրապնդման գործում: Նրա կարծիքով` Եվրախորհուրդը միակ եվրոպական կազմակերպությունն է, որը տարածաշրջանային մակարդակով համագործակցության հնարավորություններ է ընձեռում: «Նման գործունեությունը նպաստում է այդ երկրների ժողովրդավարական կայունությանը եւ կարող է միայն դրական ազդեցություն ունենալ գոյություն ունեցող տարաձայնությունները հարթելու գործում»,- ասել է Վ. Օսկանյանը: