Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վեց հայկական բանկերի հետ (Ամերիաբանկը, «Անելիքը», Արդշինինվեստբանկը, Հայէկոնոմբանկը, Կոնվերսբանկը, Յունիբանկը) համաձայնագիր են կնքել Հայաստանում առևտրի զարգացման ծրագրի մեկնարկի մասին:
ԱԶԲ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի դեպարտամենտի մասնավոր բիզնեսի զարգացման պատասխանատու Սթիվեն Վերմերտը նշել է, որ սա աննախադեպ ծրագիր է մասնակից բանկերի քանակով:
Նա հայտնել է, որ ԱԶԲ առևտրի ֆինանսավորման ծրագիրն իրականացվում է Տաջիկստանում ու Ուզբեկստանում, այս շաբաթ ծրագիրը կմեկնարկի նաև Վրաստանում, իսկ մեկ տարվա ընթացքում նախատեսվում է սկսել առևտրի ֆինանսավորման ծրագիրը նաև Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի մյուս երկրներում:
Ինչ վերաբերում է վարկերի տրամադրման պայմաններին, ապա, ըստ Վերմերտի, տոկոսը կորոշի շուկան: «Մենք էժան վարկեր չենք տրամադրում, քանի որ տոկոսները որոշում է շուկան»,-հայտարարել է Վերմերտը: