Ապրիլի 17-ին Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը նշել է նորամուտը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: Մկրտչյանը որպես փոխարինող է հանդես եկել 60-րդ րոպեին: Դոնեցկի թիմը խաղացել է Զապորոժյեի «Մետալուրգի» դեմ և զիջել նվազագույն հաշվով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Պարտությունից հետո «Մետալուրգը» 29 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը:
Թիմի մարզիչ Անդրեյ Գորդեևը նշել է, որ տեղի է ունեցել այն, ինչից նրանք վախենում էին. մրցակիցը պաշտպանվել է և խաղացել հակագրոհներում: «Մեր խաղին պակասում էր ագրեսիան գրոհներում: Հենց այստեղ է թաքնված պարտության պատճառը: Խոստովանում եմ, որ առաջին համարով խաղալը մեզ միշտ չէ, որ հաջողվում է: Մենք սպասում էինք, որ բարդ խաղ է լինելու»,- նշել է Գորդեևը: