18 ապրիլի 2011 - 12:43 AMT
Հայաստանի արվեստասերները կծանոթանան ամերիկահայ Խորեն Տեր-Հարությանի աշխատանքերին

Ապրիլի 22-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունենալու ամերիկահայ քանդակագործ, գեղանկարիչ Խորեն Տեր-Հարությանի (1909 - 1991) անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվելու են գծանկարներ, գունանկարներ և քանդակներ: Ցուցահանդեսում կներկայացվեն այն աշխատանքները, որոնց մեծ մասը ստեղծվել է Ճամայկայում ապրած տարիներին, ուր նա առաջին անգամ այցելել է 1930 թվականին:

Խորեն Տեր-Հարությանը ծնվել է 1909 թ., Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Աշոտավան գյուղում, հոգևորականի ընտանիքում: Եղել էՄեծ Եղեռնի ականատեսը: 1921-ին ընտանիքի հետ միասին գաղթել է ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգի Վուսթր քաղաք: Սովորել է տեղի միջնակարգ և Վուսթրի արվեստի թանգարանին կից գեղարվեստի դպրոցներում: Տեր- Հարությանը ստեղծագործել է գեղանկարչության և գծանկարի ասպարեզներում, բայց առավել հայտնի ոլորտը քանդակագործությունն էր, որտեղ դրսևորվեց արձանագործի իր հզոր ներուժը:

Խորեն Տեր-Հարությանն ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ, սկսած 1929 թվականից, տարբեր երկրներում (ԱՄՆ, Ճամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա), մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների հետ համատեղ ցուցահանդեսներին (Մայոլ, Դեսպիո, Պիկասսո, Գաբո, Լիպշից), արժանացել է տասնյակ մրցանակների: Նրա արվեստն ըստ արժանվույն գնահատվել է քննադատների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում: