Երևանի Կենտրոն համայնքի մի շարք մանկապարտեզների տնօրեններ ձեռնպահ են մնում մեկնաբանելուց համայնքի մանկապարտեզներ հաճախող երեխաներին ու նրանց ծնողներին այսօր քաղաքապետարանի կողմից “մատուցված անակնկալը”:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն համայնքի 20 մանկապարտեզներ հաճախող երեխաների համար այսօր դռները փակ են եղել 8:30: Համաձայն Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրահանգի` համայնքում այսուհետև մանկապարտեզները երեխաներին կընդունեն առավոտյան 8:30-ից ոչ ուշ, քանի որ դրանից հետո դռները կողպվելու են: Նման քայլի Երևանի իշխանությունները գնում են Կենտրոն համայնքը առավոտյան խցանումներից ապահովագրելու համար, ինչն առաջ է բերել տասնյակ ծնողների վրդովմունքը:
Տնօրենները, ովքեր, հավանաբար, ևս հիացած չեն քաղաքապետարանի այս նորամուծությամբ, հրաժարվեցին արձագանքել այս խնդրին` հաշվի առնելով քաղաքապետարանի խիստ հսկողությունն ու հետևողականությունը կյանքի կոչելու քաղաքապետի հրահանգը:
Առավոտյան տեղի ունեցած միջադեպի առնչությամբ PanARMENIAN.Net-ի հարցին քաղաքապետարանում խոստացան պատասխանել քիչ ավելի ուշ: