18 ապրիլի 2011 - 21:36 AMT
Կարեն Կարապետյանը Երևանի այգիների վարձակալների համար մինչև ամսվա վերջ ամենօրյա շաբաթօրյակ է սահմանել

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, վկայակոչելով այն փաստը, որ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի կողմից ստուգումների արդյունքում թերություններ և խախտումներ են արձանագրվել մի շարք մանկապարտեզներում, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հետևողական վերահսկողության և խիստ վերաբերմունք կիրառելու պահանջ է դրել բոլոր այն մանկապարտեզների նկատմամբ, որտեղ կգրանցվեն հավելագրումների դեպքեր և երեխաների սննդի կազմակերպման հետ կապված խնդիրներ:

Վերահսկողությունը շարունակելու պահանջ է դրվել նաև վարձակալության պայմանագրեր կնքած այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր չեն ապահովում իրենց տարածքների հարակից հատվածների բարեկարգման և կանաչապատման համար սահմանված պարտադիր նորմն ու պայմանագրային պարտավորությունները:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ամենօրյա հսկողություն իրականացնել այգիներում, պուրակներում տիրող իրավիճակի նկատմամբ. «Բոլոր վարձակալների համար մինչև ապրիլի վերջ ամեն օր շաբաթօրյակ պետք է լինի: Պուրակները պետք է բերեն պատշաճ վիճակի` խոտը հնձեն, ծառ տնկեն, ոռոգման ջուր անցկացնեն, մաքրեն, որտեղ սալահատակները վնասված են, վերականգնեն: Հակառակ դեպքում` լուծարում եք պայմանագիրը»,- շեշտել է քաղաքապետը:

Ներկայացնելով անցած շաբաթ մայրաքաղաքում մեկնարկած ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում իրականացված մոնիտորինգի արդյունքները` զեկուցվել է, որ ավտոմեքենաների քանակի պակաս է զգացվել թիվ 53, 61, 69, 102, 109 և 118 միկրոավտոբուսային երթուղիներում:

Ավտոբուսային երթուղիներից նախատեսվածից քիչ ավտոբուս է երթուղի դուրս բերվել թիվ 14, 16, 32 և 43 երթուղիներում, որոնք օրվա ուշ ժամերին նորմալ չեն սպասարկել բնակչությանը:

Երթակարգավարական կետերում գրանցման չեն ներկայացել թիվ 16, 93, 46, և 118 երթուղիները սպասարկող ավտոմեքենաների 50%-ից ավելին:

Երթուղիներ սպասարկելու ժամանակ հասարակական տրանսպորտի կանգառներում երթևեկության կանոնների խախտումներով են կանգառ կատարել թիվ 45, 46, 82 և 99 միկրոավտոբուսային երթուղիների վարորդները:

Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մոնիտորինգը և երթուղիները սպասարկելու պայմանագրային կետերը խախտած անբարեխիղճ կազմակերպություններին ենթարկել պատասխանատվության:

Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջանների կողմից արդեն ներկայացվել են առաջարկներ այն բակային տարածքների վերաբերյալ, որտեղ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կտեղադրվեն ժամանակակից մանկական խաղահրապարակներ: