Վրաստանը չպետք է Հայաստանի հետ համագործակցություն սկսի ռազմական ոլորտում, քանի որ դա բարդություններ է առաջացնելու Անդրկովկասում: Այդ մասին հայտարարել է անվտանգության հարցերով վրացի փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին: Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցություն սկսելու մասին ենթադրության հիմքը փորձագետը համարում է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի այցը Երևան: Նրա ենթադրությամբ, այցի շրջանակներում գլխավոր թեմաներից մեկը դառնալու է հենց համագործակցությունը ռազմական ոլորտում, թեև, փորձագետի կարծիքով, վրացական կողմը չպետք է համաձայնվի:
«Մենք պետք է վերլուծենք այն ռիսկները, որոնք կարող են ուղեկցել նման գործընկերությանը: Մասնավորապես, Վրաստանին և Ադրբեջանին կապում է ռազմավարական գործընկերությունը, և մենք համագործակցում ենք շատ ուղղություններով: Վրաստանի և Հայաստանի ռազմական համագործակցությունն առաջացնելու է Բաքվի դժգոհությունը և հավանաբար դա չի արտահայտվելու միայն բառացի բողոքի տեսքով: Հայաստանի հետ այդ բնույթի համագործակցությունը կարող է Վրաստանի համար աղետալի հետևանքներ ունենալ: Դա անցանկալի իրավիճակ կառաջացնի տարածաշրջանում նաև մեր ընդգծված բարիդրացիական հարաբերությունների տեսանկյունից: Չի կարելի Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունում ընդգծված դիրքորոշում զբաղեցնել երկրներից մեկի նկատմամբ, քանի որ դա առաջացնելու է երկրորդ կողմի դժգոհությունը»,- ասել է փորձագետը:
Բացի դրանից, Սեսիաշվիլիի խոսքերով, անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ Հայաստանի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը և Հայաստանում գտնվող ռազմական բազաները սպառնալիք են Վրաստանի համար:
«Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան պետք է կշռադատված լինի, նախօրորք հայտարարված և պետք է հռչակել, որ Վրաստանը մտադիր չէ համագործակցել Հայաստանի հետ ռազմական ոլորտում»,- ասել է փորձագետը, հաղորդում է վրացական «GHN» գործակալությունը: