20 ապրիլի 2011 - 16:39 AMT
Հայկական ԱԷԿ-ում ձեռնամուխ են եղել անվտանգության մակարդակի մանրակրկիտ ուսումնասիրությանը

Հայկական ԱԷԿ-ում ձեռնամուխ են եղել անվտանգության մակարդակի մանրամասն ուսումնասիրությանը, որի արդյունքները ներկայացվելու են ընթացիկ տարվա սեպտեմբերին, ապրիլի 20-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, այդ ընթացակարգն անցկացվում է Միջուկային անվտանգության կարգավորման արևմտաեվրոպական մարմինների ասոցիացիայի կողմից հատուկ մշակված թեստին համապատասխան:

Հայաստանում ատոմակայանը ստուգվելու է նաև արտաքին և ներքին գործոնների նկատմամբ կայունության առումով, ինչպիսիք են երկրաշարժը կամ փոթորիկը, ինչպես նաև դիտարկվելու է ծանր վթարների պայմաններում ԱԷԿ-ի աշխատանքի հնարավորությունը` հաշվի առնելով «Ֆուկուսիմայի» իրավիճակը: Ինչպես հաղորդել է Մարտիրոսյանը, անցկացված աշխատանքների վերլուծությունից հետո միջազգային փորձագետների մասնակցությամբ նշվելու են ԱԷԿ անվտանգության մակարդակի բարձրացման ուղիները:

Նրա խոսոքերով, ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական խումբը մայիսի 15-ից հունիսի 1-ն այցելելու է Հայաստան տեղում ԱԷԿ-ի անվտանգ շահագործման կազմակերպումը ստուգելու համար: Այդ առումով Մարտիրոսյանը հավելել է, որ դա վաղուց նախատեսված միջոցառում է, որը համաձայնեցվել է ՄԱԳԱՏԷ-ի հետ դեռ անցյալ տարի: