Հայազգի ամերիկյան նշանավոր դեմք Քիմ Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա իր բլոգում գրություն է թողել և Twitter սոցիալական ցանցի միջոցով արդեն իր 7.2 միլիոն երկրպագուներին հաղորդագրություն է ուղարկել` կոչ անելով ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը միանալ «Վերածնունդ և ճանաչում: Աղոթքի ազգային օր» ակցիային: Քարդաշյանն իր 7.2 միլիոն երկրպագուներին ուղարկել է կարճ և հստակ հաղորդագրություն` «Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը»:
Այսպիսով Քարդաշյանը միացել է անվանի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կոչերին` պահանջելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից կատարել ԱՄՆ հայ համայնքին տված խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Մենք ողջունում ենք Քիմ Քարդաշյանին և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նրա կոչը: Բարեխիղճ ամերիկացիները ցանկանում են, որպեսզի ցեղասպանությունների շարքը դադարեցվի, և դա անելու համար մենք պետք է յուրաքանչյուր չարիք իր անունով կոչենք: Հենց այդ պատճառով մեք բողոքում ենք Օբամայի այցի դեմ Կալիֆորնիա»,- ասել է ANCA Արևմտյան բյուրոյի խորհրդի նախագահ Էնդրյու Կզիրյանը, հաղորդում է Asbarez.com-ը:
Դա առաջին անգամը չէ, երբ Քարդաշյանը կոչ է անում ԱՄՆ վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2010-ին Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին քվեարկություն նշանակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի համար:
Ստորև ներկայացնում ենք հաղորդագրության տեքստ, որը Քարդաշյանը տեղադրել է իր բլոգում. «Իմ ընտանիքը և ես հպարտանում ենք մեր ժառանգությամբ: Իմ հայրիկը շատ բան է մեզ սովորեցրել հայկական մշակույթի մասին և ես սերտորեն կապված եմ իմ արմատներին: Ամեն տարի ես հարգում եմ 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Չնայած նրան, որ աշխարհի շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի կառավարությունը նախկինի նման հերքում է այդ փաստը:
Հայոց ցեղասպանությունն ավելի վաղ է իրագործվել, քան Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները և Հոլոքոսթը: Հնարավոր է, այդ ցեղասպանություններից մեկը չլիներ, եթե ավելի շատ երկրներ դատապարտեին Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում սպանվել է 1.5 միլիոն հայ:
Որոշ մարդիկ կարող են հարց տալ, ինչո՞ւ եմ ես խոսում այդ պատմության մասին իմ բլոգում: Ես փորձում եմ ցույց տալ, որ դա պատմություն չէ: Քանի դեռ այդ հանցագործությունն անպատիժ է և այդ խնդիրն արդարացի լուծում չի գտել, հայ ժողովուրդն ապրելու է ցավով և վախով, որ այդ հանցագործությունը կարող է կրկնվել իրենց հայրենիքի հետ: Այսպես, անմեղ զոհերի հիշատակի հարգանքից ելնելով այսօր ես լույս եմ սփռում դրա վրա:
Այսօր հազարավոր հայեր հավաքվելու են Լոս Անջելեսում ի նշան Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի ցույցի և կոչ են անելու ԱՄՆ վարչակազմին ճանաչել այդ փաստը: Այս տարի ապրիլի 24-ը համընկնում է Զատիկի հետ: Հայերն աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Նույնիսկ այդ ուրախալի օրը մենք հիշելու ենք Հայոց ցեղասպանությունը և հարգելու զոհերի հիշատակը:
Այս կարևոր օրը իմ մտքերը և աղոթքները լինելու են իմ հայրենակիցների հետ: Ես միշտ հպարտորեն կանգնելու եմ ձեր կողքին»: