26 ապրիլի 2011 - 14:42 AMT
Ապրիլի 25-ին Կանադայում Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ կայացավ ոգեկոչման արարողություն

Ապրիլի 25-ին Կանադայում` ՀՀ դեսպանությունում Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ոգեկոչման ավանդական արարողություն: Ներկա էին Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, Հայ կաթոլիկ եւ Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդները, Կանադայում գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ու միությունների ղեկավարները, մամուլի ներկայացուցիչներ, հարյուրավոր մարդիկ Օտտավայից, Մոնրեալից եւ Տորոնտոյից:

Արարողության ընթացքում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ զետեղվեցին դեսպանության տարածքում գտնվող «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ։ Ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը, կատարվեց ոգեկոչման եկեղեցական արարողություն:

Ոգեկոչման արարողությունն այնուհետեւ շարունակվեց Կանադայի խորհրդարանի առջեւ, որին հետեւեց երթ Օտտավայի փողոցներով, ինչպես նաեւ բողոքի ցույց Թուրքիայի դեսպանության առջեւ:

Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը։